Սույն հոդվածում «պրոֆեսիոնալ հոգեբան» ասելով նկատի ենք ունենալու միայն այն հոգեբաններին, ովքեր զբաղվում են հոգեբանական խորհրդատվությամբ և հոգեթերապիայով։
1. Պրոֆեսիոնալ հոգեբանն ունի բարձրագույն, բուհական/ակադեմիական կրթություն հոգեբանության ոլորտում. նվազագույնը բակալավրի աստիճան: Պրոֆեսիոնալ հոգեբանը կարող է ունենալ նաև մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի (նախկին` специалист), գիտությունների թեկնածուի կամ դոկտորի աստիճան: Ինքնակոչ հոգեբանը ինքնուս է, կարդացել է մասնագիտական գրականություն, լավագույն դեպքում, հաճախել է զանազան թրեյնինգների և կուրսերի, “սովորել” է անհատների մոտ, սակայն որպես այդպիսին բուհական, բարձրագույն հոգեբանական կրթություն չունի:
2. Պրոֆեսիոնալ հոգեբանը, որպես կանոն, ունենում է կոնկրետ մասնագիտություն/որակավորում (կլինիկական հոգեբան, դատական հոգեբան, մանկական հոգեբան և այլն), որը նա ձեռք է բերել մագիստարտուրայում կամ 5-ամյա կրթության ընթացում: Ինքնակոչ հոգեբանը, չունենալով բուհական, բարձրագույն կրթություն հոգեբանության ոլորտում չի կարող ունենալ նաև մասնագիտություն/որակավորում:
3. Պրոֆեսիոնալ հոգեբանը բուհական կրթություն ստանալուց հետո շարունակում է զբաղվել իր մասնագիտական կատարելագործմամբ և պարբերաբար մասնակցում է մասնագիտական ուսումնական և թրեյնինգային ծրագրերի, գիտաժողովների, հրապարակում է գիտական հոդվածներ, որոնց արդյունքում, ինչպես նաև գործնական աշխատանքի արդյունքում ձեռք է բերում կոնկրետ հոգեբանական խնդիրների (սթրես, ֆոբիաներ և այլն), հոգեկան առողջության կոնկրետ խանգարումների (տագնապային խանգարումներ, դեպրեսիվ խանգարում, կախվածություններ և այլն) հետ աշխատելու հմտություններ: Որոշ ինքնակոչ հոգեբաններ նույնպես պարբերաբար հաճախում են զանազան թրեյնինգների, սակայն չունենալով ակադեմիական կրթություն, չստանալով հիմնարար գիտելիքներ հոգեբանությունից և հարակից գիտություններից ի վիճակի չեն կոնցեպտուալիզացնել նոր գիտելիքները և ինտեգրել դրանք ներքին փորձ:
4. Պրոֆեսիոնալ հոգեբանն աշխատում է որևէ մեկ տեսամեթոդաբանական ուղղվածության (հոգեվերլուծական, էկզիստենցիալ, հումանիստական, կոգնիտիվ-վարքաբանական, ինտեգրատիվ-էկլեկտիկ և այլն) շրջանակներում: Որոշ ինքնակոչ հոգեբաններ նույնիսկ պատկերացում չունեն տեսամեթոդաբանական տարբերությունների մասին, քանզի չունեն ակադեմիական կրթություն հոգեբանության ոլորտում, սակայն կգտնվեն նաև այնպիսիք ովքեր կներկայանան որպես այս կամ այն ուղղության ներկայացուցիչ:
5. Պրոֆեսիոնալ հոգեբանը, որպես կանոն, ժամանակ առ ժամանակ հաճախում է այլ հոգեբանի (սուպերվիզորի կամ պարզապես հոգեբանի) մոտ` անձնային և մասնագիտական խնդիրներով: Ինքնակոչ հոգեբանը չի կարող ունենալ սուպերվիզոր, քանի որ մասնագիտական էթիկայի պատկերացումներից ելնելով ոչ մի պրոֆեսիոնալ հոգեբան չի համաձայնվի լինել սուպերվիզոր որևէ ինքնակոչ հոգեբանի:
Պետք է հիշել նաև, որ՝
- տվյալ հոդվածում պարզապես փորձ է արվում նախանշել գոնե ինչ-որ կողմնորոշիչներ՝ այցելուների համար, և բնականաբար, այն (հոդվածը) չի հավակնում բացարձակ ճշմարիտ լինելուն, քանի որ կարող են լինել և բացառություններ,
- վերընշված չափորոշիչներն անհրաժեշտ են, բայց ոչ սպառիչ,
- երբեմն ոչ բարձրագույն կրթությունը ու դիպլոմները, և ոչ էլ գիտաստիճաններն ու գիտական կոչումները չեն կարող երաշխավորել հոգեբանի կոմպետենտությունը, սակայն դա չի կարող հիմք և պատճառ լինել բարձրագույն մասնագիտական կրթությունը արժեզրկելու և տվյալ չափորոշիչից հրաժարվելու համար,
- [առողջության] կլինիկական հոգեբանությունը, խորհրդատվական հոգեբանությունն ու հոգեթերապիան առողջապահության բնագավառի գիտական և պրակտիկ գործունեության ոլորտներ են և պետք է կարգավորվեն օրենքով։ Հետևաբար մասնագիտական կրթության որոշակի չափանիշների և կոմպետենտության չափորոշիչների առկայությունը պարտադիր է։
Աղբյուրը՝ Ինչով է տարբերվում պրոֆեսիոնալ հոգեբանն ինքնակոչից, Ա.Բեգոյան