Արդի տեխնոլոգիաները դարձել են հոգեբանների առօրյայի անբաժան մաս, ինչը վառ արտահայտվեց հատկապես COVID-19 համավարակի ժամանակաշրջանում: Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի (ԱՀԱ) կողմից 2021 թվականին անցկացված հարցումը ցույց տվեց, որ հոգեբանների 96 տոկոսը բուժառուների հետ աշխատել են առցանց եղանակով: Հոգեկան առողջության ծառայությունների պահանջարկի աճի և տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ, ներկայումս գործում են բուժառուներին և հոգեկան առողջության ծառայություններ մատուցողներին կապող բազմաթիվ հարթակներ՝ հաճախ առաջարկելով ապահովագրական ծածկույթ: 

Առցանց թերապիայի օգուտները և մարտահրավերները

Չնայած առցանց թերապիայի ծառայությունների մասով առկա մտահոգություններին, մեծ թվով հոգեբաններ կարծում են, որ թերապիայի կարիք ունեցող այցելուների հետ կապ հաստատելու օգուտները գերակշռում են հնարավոր թերություններին: Հաշվի առնելով նշված հարթակներին առավել մեծ թվով փորձառու բժիշկների միացումը, հավանական է, որ տվյալ ոլորտը կբարելավվի՝ օգուտներ բերելով և՛ մասնագետներին և՛ այցելուներին:

Հաճախ տեսազանգի միջոցով մատուցվող՝ թերապիայի նպատակով հոգեբաններին և այցելուներին կապող առցանց թերապիայի ծառայությունները վերջին տարիների ընթացքում աստղաբաշխական աճ են գրանցել: 2021 թվականին իրականացված շուկայի վերլուծության արդյունքում առցանց թերապիայի շուկայի ծավալը գնահատվել է ավելի քան 2.6 միլիարդ ԱՄՆ դոլար: Նույն տարում ԱՀԱ կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ դրան մասնակցած հոգեբանների միայն 9 տոկոսն է այցելուների հետ աշխատել թվային հարթակի կամ հավելվածի միջոցով: Սա վկայում է, որ առկա է թվային միջոցներով հոգեկան առողջության ծառայությունների ընդլայնման հսկայական հնարավորություն՝ միևնույն ժամանակ հասցեագրելով ոչ առցանց ձևաչափով իրականացվող թերապիայի հետ կապված հնարավոր մարտահրավերները, ինչպիսին են՝ գերհոգնածությունը և ծառայություն մատուցողների պակասը:

Առցանց թերապիայի ծառայությունների առավելությունները և թերությունները

Առավելություններ.

  1. Հասանելիություն. այցելուների հետ աշխատող հոգեբանների պակասի պայմաններում առցանց թերապիայի ծառայություններն ապահովում են մի շարք օգուտներ: Դրանք օգնում են մարդկանց՝ գտնելու իրենց կարիքներին համապատասխանող և իրենց ապահովագրական ծածկույթում ներառված հոգեթերապևտների: Այդպիսի հարթակները կարող են մարդկանց համար հեշտացնել նաև կապի հաստատումը նմանատիպ ինքնություն ունեցող հոգեթերապևտների հետ, ինչը կարող է բարելավել բուժման արդյունքները:
  2. Բազմազանություն. առցանց թերապիայի առաջատար հարթակի գլխավոր կլինիկական տնօրեն Դանա Ուդալը (Dana Udall) շեշտում է բազմազան հոգեթերապևտների ներգրավման կարևորությունը, ինչը հնարավորություն է տալիս հարթակի անդամներին կապել իրենց ինքնությունը կիսող հոգեթերապևտների հետ: 

Թերություններ.

  1. Էթիկական բնույթի մտահոգություններ. չնայած առցանց թերապիայի ծառայությունների աճին, այցելուների հետ աշխատող հոգեբանները կարող են մտահոգություններ ունենալ բիզնես պրակտիկաների և էթիկական ստանդարտների վրա այդպիսի ծառայությունների ազդեցության մասով: Երբ ընկերությունը չի ղեկավարվում հոգեբանների կողմից, դրա ղեկավարները, հնարավոր է, լիարժեք պատկերացում չունենան էթիկական պարտավորությունների մասին:
  2. Պաշտոնական դիրքորոշման բացակայություն. Առաջատար և խոշոր հոգեբանական կազմակերպությունները դեռևս մեկ միասնական դիրոքորոշում չեն մշակել առցանց հոգեբանական ծառայությունների մատուցման հարթակների վերաբերյալ:

Իրավական և գաղտնիության նկատառումներ

Հոգեբանները պետք է մանրակրկիտ ուսումնասիրեն պայմանագրերը և հասկանան իրենց՝ որպես առցանց հարթակների վարձու աշխատողների կամ կապալառուների իրավունքները և ռիսկերը: Իրավագիտության դոկտոր, ԱՀԱ պետական մակարդակում շահերի պաշտպանության և առաջնորդության գծով տնօրեն Կոնի Գալիետին  (Connie Galietti) խորհուրդ է տալիս վարձել փաստաբան՝ պայմանագրերի ուսումնասիրության նպատակով, հատկապես՝ կատարողականի հետ կապված ակնկալիքների, վարձատրության և սահմանափակող բնույթի դրույթների մասով:

Բուժառուի հետ կապված տեղեկատվության գաղտնիությունը կարևորագույն նշանակություն ունի: Առցանց թերապիայի ծառայությունները պետք է ունենան նահանգային և ազգային օրենսդրությանը համապատասխանող գաղտնիության և անվտանգության հստակ պրակտիկաներ: Սարա Ադլերն առաջարկում է ստեղծել համապատասխանության ստուգաթերթ՝ մասնավոր պրակտիկայում կիրառվող ստուգաթերթի նմանությամբ՝ HIPAA-ի հետ տեխնոլոգիայի համապատասխանությունը և տվյալների անվտանգությունն ապահովելու համար:

Առաջնորդության և խնամքի մոդելներ

Ղեկավար պաշտոններում հոգեբաններ ունեցող հարթակի ընտրությունն ապահովում է, որ  ընկերության գործառնությունները ղեկավարվեն կլինիկական և էթիկական ստանդարտներով: Դանա Ուդալը նշում է, որ ղեկավար պաշտոններում հոգեբանների առկայությունն օգնում է ներառել լավագույն պրակտիկաները կայացվող յուրաքանչյուր որոշման մեջ:

Կարևոր է հասկանալ հարթակում ներդրված խնամքի մոդելը: Փուլային խնամքի հստակ մոդելը (stepped-care model) ապահովում է բուժառուներին խնամքի պատշաճ մակարդակի տրամադրում:

Ինքնավարություն և բիզնես մոդելներ

Բուժառուների հետ աշխատող մասնագետները պետք է ապահովեն իրենց պրակտիկայի ինքնավարությունը և հավաստիանան, որ հարթակը աջակցում է թերապիայի՝ ապացույցների վրա հիմնված մոտեցումներին: Գիտությունների թեկնածու Ջուն Ֆեդերը (June Feder) շեշտում է հմտությունների և միջամտությունների ամբողջական շրջանակի կիրառման հնարավորության կարևորությունը:

Կարևորագույն նշանակություն ունի բիզնես մոդելը, այդ թվում՝ վարձատրության և աշխատանքային ծանրաբեռնվածության մասով ակնկալիքները, հասկանալը: Հոգեբանները պետք է հավաստիանան, որ հարթակի պահանջները չեն վտանգում իրենց պրակտիկայի ստանդարտները: Սարա Ադլերն առաջարկում է խորհրդակցել ԱՀԱ բաժինների կամ պետական ասոցիացիաների հետ և ուսումնասիրել Glassdoor-ի նման հարթակները՝ կարծիքներ ստանալու համար:

Ճկունություն և էթիկական պրակտիկա

Էթիկական և իրավական պարտավորությունների կատարումը կարևոր է՝ անկախ աշխատանքային միջավայրից: Չնայած նրան, որ հոգեբանական պրակտիկաները պետք է իրականացվեն ելնելով հոգեբանական գիտության տրամադրած տեղեկատվությունից, բնակչության բազմազան խմբերին հարմարեցման համար անհրաժեշտ է ճկունություն: Ապացույցների վրա հիմնված, պատասխանատու կերպով մշակված առցանց ծառայությունները կարող են զգալիորեն մեծացնել հոգեկան առողջության խնամքի հասանելիությունը՝ հատկապես մարգինալացված համայնքների համար:

Սարա Ադլերը նշում է գիտական խստությունը և պրակտիկ հարմարեցումները հավասարակշռելու կարևորությունը՝ բնակչության բազմազան խմբերի կարիքները բավարարելու համար: Այս մոտեցումն ապահովում է առավել մեծ թվով մարդկանց համար անհրաժեշտ աջակցության հասանելիությունը, նույնիսկ, երբ ավանդական փորձարկումների միջոցով դեռևս չեն հաստատվել հատուկ մեթոդներ՝ ժողովրդագրական յուրաքանչյուր խմբի համար:

Եզրակացություն

Չնայած առցանց թերապիայի ծառայությունների բազմաթիվ օգուտներին և դրանց միջոցով ստեղծվող հնարավորություններին, հոգեբանները պետք է մանրակրկիտ ուսումնասիրեն հարթակների իրավական, էթիկական և պրակտիկ կողմերը՝ նախքան դրանց միանալը: Մասնագիտական ստանդարտներին և արժեքներին համապատասխանության ապահովումն առանցքային նշանակություն ունի արդյունավետ և պատասխանատու խնամքի տրամադրման համար:

More From Author