Արհեստական բանականությունը (ԱԲ) զգալի առաջընթաց է գրանցում հոգեբանության ոլորտում՝ հեղափոխելով թերապիան, հետազոտությունները և կրթությունը: Սույն բլոգը ներկայացնում է, թե ինչպես է ԱԲ-ն փոխակերպում նշված ոլորտները և դիտարկում է տեխնոլոգիական զարգացմանը զուգընթաց առաջացող էթիկական նկատառումները և մարտահրավերները:

ԱԲ-ն հոգեբանական պրակտիկայում

Հոգեբանական պրակտիկայում արժեքավոր գործիքների շարքում զարգանում են ԱԲ չաթբոտերը՝ ապահովելով հասանելի և մատչելի թերապիա: Նշված չաթբոտերը կարող են օգտակար լինել հոգեկան առողջության ծառայություններում առկա բացը փակելու առումով՝ հատկապես հոգեթերապևտների սուր պակաս ունեցող տարածաշրջաններում: Դրանք կարող են նախնական աջակցություն առաջարկել այնպիսի խնդիրների դեպքում, ինչպիսիք են՝ քնի կամ քրոնիկ ցավի հետ կապված խնդիրները, ինչ-որ չափով թեթևացնելով հոգեթերապևտների բեռը:

Անանունությունը և հասանելիությունն ԱԲ-ն օգտակար են դարձնում այն անձանց համար, ովքեր տատանվում են իրական կյանքում հոգեթերապևտի դիմելու հարցում՝ ելնելով ֆինանսական դժվարություններից կամ խարանից (ստիգմայից): Ավելին, մշակութային տեսանկյունից կոմպետենտ ԱԲ-ներ մշակելու միջոցով արհեստական բանականությունը կարող է օգնել հոգեբանությունը վերապատկերացնելու հարցում՝ հոգեկան առողջության հետ կապված աջակցությունը դարձնելով առավել ներառական: Ընդ որում, պետք է հասցեագրվեն տեղեկացված համաձայնության և բուժառուի գաղտնիության հետ կապված մտահոգությունները: Կարևորագույն նշանակություն ունեն թափանցիկությունը և օգտագործողի վստահության պահպանումը:

ԱԲ հաջողված կիրառությունները ցույց են տալիս թերապիայի հարցում ԱԲ հնարավորությունները: Օրինակ, որոշ ԱԲ չաթբոտերում կիրառվում են հոգեթերապևտների կողմից նախապես հաստատված հայտարարություններ և ապահովվում է օգտագործողի անանունությունը՝ անձնական նույնականացման տվյալների հավաքագրումից ձեռնպահ մնալու միջոցով: Այս մոդելները ցույց են տալիս ավանդական թերապիայում ԱԲ ինտեգրման հնարավորությունները՝ թույլ տալով բժիշկներին մշտադիտարկել բուժառուների առաջընթացը և տրամադրել շարունակական աջակցություն:

ԱԲ-ն կարող է նաև բարելավել կլինիկական արդյունավետությունը՝ վարչական բնույթի գործողությունների ավտոմատացման միջոցով: Բնական լեզվի մշակման (NLP) գործիքները կարող են լսել թերապիայի սեանսները, նշումներ կատարել և թեմաներ ընդգծել թերապիստների համար՝ հնարավորություն տալով վերջիններիս առավել շատ կենտրոնանալ բուժառուների խնամքի վրա: Սակայն, բժիշկներին անհրաժեշտ են տվյալների հետ աշխատանքի և սխալների մակարդակների վերաբերյալ հավաստիացումներ՝ համոզվելու համար, որ այդպիսի գործիքները մարգինալացված խմբերին ակամայից չեն զրկում ներգրավման հնարավորություններից:

ԱԲ կիրառությունը հոգեբանական հետազոտություններում

ԱԲ-ն աննախադեպ հնարավորություններ է ստեղծում տվյալների հսկայական ծավալների վերլուծության և մարդկային վարքագծի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հարցում: Ավանդական մեթոդները, ինչպիսին են՝ ինքնուրույն և լաբորատոր փորձերը, համալրվում են սոցիալական մեդիայում ակտիվության, կրեդիտ քարտով կատարվող ծախսերի, GPS տվյալների և սմարթֆոնի հետ կապված ցուցանիշների մշտադիտարկման ԱԲ կարողություններով: Այս փոփոխությունը հետազոտողներին հնարավորություն է տալիս ուսումնասիրել անհատական տարբերություններն իրական աշխարհի պայմաններում՝ հանգեցնելով առավել անհատականացված միջամտությունների:

ԱԲ-ն դյուրացնում է պասիվ մշտադիտարկումը, ինչը կարող է կյանքեր փրկել: Նոթր Դամի համալսարանի հետազոտողները մշակում են ալգորիթմ, որը մշտադիտարկում է բուժառուի առցանց ակտիվությունը՝ ինքնասպանության և ինքնավնասման ռիսկերը վերհանելու նպատակով: Հետազոտողները նպատակ ունեն նշված տվյալների և սմարթ ժամացույցներից ստացվող ֆիզիոլոգիական ցուցանիշների համադրման միջոցով գեներացնել բուժառուների հոգեկան առողջության կարգավիճակի վերաբերյալ նախազգուշացումներ, որոնք բժիշկներին կուղարկվեն իրական ժամանակում:

Բնական լեզվի մշակման (Natural Language Processing) մոդելները, ինչպիսին է GPT-3-ը, ապացուցում են իրենց օգտակարությունը հետազոտությունների համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ GPT-3-ը կարող է կանխատեսել դեմենցիան՝ խոսքի վերլուծության միջոցով, և իրականացնել ընդունված կանոններին համապատասխանող հոգեբանական փորձեր՝ հիմնավորման իր կարողությունները մարդկային կարողությունների հետ համեմատելու նպատակով: Այս մոդելները նոր տեսանկյուն են առաջարկում մարդկային լեզվի և կոգնիտիվ գործընթացների վերաբերյալ՝ օգնելով հետազոտողներին հասկանալ մարդկային բանականության սահմանները և ԱԲ-ի ներուժը:

Հետազոտությունների և ԱԲ ինտեգրումը պահանջում է համագործակցություն հոգեբանների և համակարգչային ոլորտի գիտնականների միջև: Միմյանց մասնագիտական լեզվի և մեթոդաբանությունների ընկալումը կարևոր նշանակություն ունի հոգեբանական հետազոտություններում ԱԲ հնարավորությունների արդյունավետ օգտագործման համար:

ԱԲ-ի կիրառումը հոգեբանական կրթության ոլորտում

Կրթության ոլորտի մասնագետներն ուղիներ են փնտրում ուսումնական գործընթացում ԱԲ լուծումներ ինտեգրելու համար, ինչպիսին է, օրինակ՝ ChatGPT-ն: ԱԲ-ն կարող է օժանդակել ուսումնառության անհատականացված փորձառությունների ստեղծման, վարչական բնույթի գործողությունների ավտոմատացման, ինչպես նաև ուսանողներին հավելյալ ռեսուրսներ և աջակցություն տրամադրելու հարցերում: Ուսանողների բազմազան խմբերի արժեքները, շարժառիթները և վախերը հասկանալու միջոցով կրթության ոլորտի մասնագետները կարող են հարմարեցնել ԱԲ կիրառություններն այնպես, որ վերջիններս արդյունավետորեն բավարարեն նշված խմբերի կարիքները:

ԱԲ միջոցով կարող է բարելավվել նաև բժիշկների ուսուցման գործընթացը: Որոշակի ԱԲ գործիքներ գնահատում են ապացուցահեն ընթացակարգերի պահպանումը հոգեթերապևտների կողմից՝ տրամադրելով տվյալներ և ընդգծելով բարելավման ենթակա մասերը: Այսպիսի մոտեցումը կարող է բարելավել ուսուցման որակը և ապահովել, որ նոր բժիշկները լավ պատրաստված լինեն՝ արհեստական բանականությունն իրենց պրակտիկայում պատասխանատու կերպով կիրառելու համար:

Էթիկական բնույթի նկատառումներ և մարտահրավերներ

Չնայած հոգեբանության ոլորտում ԱԲ խոստումնալից ներուժին, էթիկական բնույթի նկատառումների և մարտահրավերների հասցեագրումը կարևորագույն նշանակություն ունի: ԱԲ գործիքները ցույց են տվել կանխակալություն (bias)՝ խտրականություն դրսևորելով մարդկանց նկատմամբ՝ ռասայական և հաշմանդամության կարգավիճակի հիմքերով (Grant, C., ACLU News and Commentary, October 3, 2022): ԱԲ հավելվածներում արդարության և հավասարության ապահովումն ունի կարևորագույն նշանակություն՝ առկա անհավասարությունների խորացումից խուսափելու համար:

Հոգեբանները բացառիկ դիրքում են՝ կանխակալությունները բացահայտելու և նոր տեխնոլոգիաների վերաբերյալ ենթադրությունները հարցականի տակ դնելու համար: Բազմազան տեսանկյունների ներառման և ԱԲ գործիքների մանրակրկիտ փորձարկման միջոցով հոգեբանները կարող են օժանդակել առավել էթիկական և արդյունավետ ԱԲ հավելվածների ստեղծման գործում: Մարդկանց կողմից արհեստական բանականության և մարդկային փոխգործակցության վրա վերջինիս ազդեցության ընկալումը հասկանալը ուսումնասիրության մեկ այլ կարևորագույն ոլորտ է: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ բարոյական տեսանկյունից ավելի քիչ են վրդովվում ալգորիթմներից բխող խտրականությունից, քան՝ մարդկային խտրականությունից (Journal of Experimental Psychology: General, Vol. 152, No. 1, 2023), ինչն ընդգծում է հստակ ուղեցույցների և հաշվետվողականության անհրաժեշտությունը:

Կարգավորող մարմիններն աշխատում են ԱԲ կիրառության հետևանքների հասցեագրման ուղղությամբ, հատկապես՝ խնդիրների առաջացման դեպքում իրավական պարտավորության և պատասխանատվության մասով: Թափանցիկության, գաղտնիության և ԱԲ էթիկական կիրառման ապահովման նպատակով ամուր կարգավորումների մշակումը կարևոր նշանակություն ունի օգտագործողների պաշտպանության և ԱԲ տեխնոլոգիաների հանդեպ վստահության պահպանման համար:

Հոգեբանության ոլորտում ԱԲ ապագան

Անկասկած, ԱԲ-ն մարտահրավերներ է ստեղծելու հոգեբանների համար: Սակայն, ԱԲ-ն նաև ունի ոլորտը խորապես փոխակերպելու ներուժ: ԱԲ-ն կարող է լրացնել մարդկային կարողությունները, տրամադրել նոր գիտելիքներ մարդկային վարքի վերաբերյալ և ստեղծել հոգեկան առողջության պահպանման առավել ներառական և հասանելի ծառայություններ: Սակայն, կարևոր է ԱԲ ինտեգրմանը մոտենալ մտածված և ռազմավարական կերպով՝ ապահովելով դրա օգտակարությունը հասարակության բոլոր անդամների համար:

Միջդիսցիպլինար համագործակցության միջոցով, ինչպես նաև շարունակաբար հարցադրումներ կատարելով ԱԲ էթիկական հետևանքների վերաբերյալ, հոգեբանները կարող են օգտվել ԱԲ ուժեղ կողմերից՝ իրենց պրակտիկան, հետազոտությունները և կրթությունը բարելավելու նպատակով: ԱԲ զարգացմանը զուգընթաց, հոգեբանության ոլորտում դրա լիարժեք ներուժն օգտագործելու համար առանցքային նշանակություն կունենա տեղեկացվածությունը և հարմարվողականությունը:

More From Author