Առցանց առողջապահական ծառայությունների սպառման ծավալների կտրուկ աճի պայմաններում պարզ է դառնում, որ առցանց թերապիան կամ առցանց հոգեբանական խորհրդատվությունը պատրաստ է դառնալ հոգեկան առողջության ոլորտի մշտական բաղադրիչ: Սակայն, նշված անցման հաջողության համար կարևորագույն նշանակություն է ունենալու գաղտնիության և անվտանգության, խնամքի հասանելիության և ծառայություն մատուցողների վճարման հետ կապված մտահոգությունների հասցեագրումը: Այս խնդիրները հատկապես արդիական են COVID-19 համավարակի ընթացքում հոգեբանների՝ հեռավար խնամքին հարմարվելու ներկայիս գործընթացում:
Նշված մտահոգությունների հասցեագրումը կարևոր նշանակություն ունի հոգեբանների կողմից արդյունավետ առցանց առողջապահական ծառայությունների առաջարկի շարունակականությունն ապահովելու համար: Հոգեկան առողջության պահպանման ծառայությունների պահանջարկն աճում է, ընդ որում պահանջարկի մի զգալի մաս վերաբերում է վիրտուալ ծառայություններին:
Բազմաթիվ ուսումնասիրություններ արդեն իսկ ցույց են տվել առցանց թերապիայի արդյունավետությունը: Վերջին երկու տասնամյակների ընթացքում հեռավար առողջապահական ծառայությունների աճի մշտադիտարկում ներառող՝ Ջորջթաունի համալսարանի պրոֆեսորներից մեկի հետազոտությունը ցույց է տվել, որ և՛ բուժառուները և՛ ծառայություն մատուցողներն ընդհանուր առմամբ դրական են վերաբերվում հեռավար առողջապահությանը: Չնայած դեռևս 1990-ական թվականներից հեռավար առողջապահության տեխնոլոգիայի և ենթակառուցվածքների առկայությանը, առողջապահական ոլորտը, թերևս, լիարժեք չէր ընդունի հեռավար առողջապահությունը, եթե չլիներ COVID-19 համավարակի նման խաթարիչ իրադարձություն:
Համավարակը առողջապահական ծառայություններ մատուցողների մեծամասնությանը ստիպեց բուժառուների հետ աշխատել հեռավար կերպով՝ հոգեբանների համար առաջացնելով բացառիկ մարտահրավերներ և հարցեր՝ ծառայությունների առցանց մատուցման առնչությամբ: Օրինակ, ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ տեխնոլոգիան բուժառուի և հոգեթերապևտի համագործակցության վրա: Հաշվի առնելով, որ հոգեկան առողջության խնամքն ունի հզոր էմոցիոնալ հարթություն, արդյո՞ք հնարավոր է այն իրապես հասցեագրել առցանց ռեժիմում:
Վերջնարդյունքների գնահատում
Վերջին շրջանում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերը նշվածը հնարավոր է: Մեմֆիսի համալսարանի Խորհրդատվության, կրթական հոգեբանության և հետազոտությունների ամբիոնի դոցենտներից մեկի կողմից իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ տեսազանգի ձևաչափով իրականացված կլինիկական միջամտությունները և գնահատումներն ապահովել են ֆիզիկապես հանդիպման ռեժիմին նման վերջնարդյունքներ: Այս մետավերլուծական ուսումնասիրության շրջանակներում համեմատվել են տարբեր ձևաչափերով իրականացված բազմազան միջամտություններ և գնահատումներ և ստացվել են կայուն արդյունքներ:
Նշված բացահայտումները պետք է օգնեն մեղմել ծառայությունների առցանց մատուցման ազդեցության վերաբերյալ հոգեբանների ունեցած բոլոր հնարավոր մտահոգությունները: Ձեռք բերված ապացույցները ցույց են տալիս, որ առցանց թերապիան կարող է լինել նույնքան արդյունավետ, որքան՝ ֆիզիկապես դեմ առ դեմ թերապիան, ինչն իր հերթին աջակցում է հեռավար հոգեբանական թերապիայի մնայուն լինելու գաղափարին: Այս փոփոխությունն ընդունելու համար առանցքային է ոչ թե դիմադրությունը, այլ՝ հարմարվողականությունը:
Որակի, անվտանգության և գաղտնիության ապահովում
Չնայած խոստումնալից արդյունքներին, առցանց թերապիայի վերաբերյալ գոյություն ունեցող գրականության մասով առկա են էական սահմանափակումներ: Ուսումնասիրությունների որակը փոփոխական է և անհրաժեշտ են գիտական տեսանկյունից առավել մանրակրկիտ հետազոտություններ՝ ավելի լավ հասկանալու համար, թե ի՞նչն է աշխատում և ու՞մ պարագայում:
Վիրտուալ միջամտությունների կամ գնահատումների հաջողության համար կարևորագույն նշանակություն ունի ինտերնետի և անձնական տարածքների հասանելիությունը: Սա կարող է ավելի մեծ մարտահրավեր հանդիսանալ խոցելի խմբերի կամ բավականաչափ ծառայություններով չապահովված շրջանների հաճախորդների համար: Հոգեբանները կարող են դիտարկել համագործակցությունը տեղական համայնքային կազմակերպությունների կամ այլ օբյեկտների հետ, որոնք առաջարկում են առանձնացված, կենտրոնացված և մաքուր տարածքներ հաճախորդներին՝ սեանսներին մասնակցելու նպատակով: Օրինակների շարքում են գրադարանները, բժշկական կենտրոնները, համայնքային ուսումնական հաստատությունները կամ դատարանների շենքերը:
Առցանց թերապիայի ոլորտում գաղտնիության և անվտանգության հետ կապված մտահոգությունները չեն սահմանափակվում էկրանի՝ այցելուի կողմում: Հոգեբանները պետք է տեղյակ լինեն գաղտնիության և անվտանգության հետ կապված ընդհանուր ռիսկերի մասին, ինչպիսին է՝ տվյալների հնարավոր արտահոսքերը, և քայլեր ձեռնարկեն դրանց մեղմման ուղղությամբ: Նշված ռիսկերի կառավարման երկու հիմնական բաղադրիչներն են.
1. Տեխնիկական միջոցների ներդրում. այցելուի մասով գաղտնիությունը պաշտպանելու նպատակով հոգեբանները պետք է կիրառեն գործուն տեխնիկական միջոցներ: Դրանք ներառում են գաղտնագրման, ֆայրվոլների, հակավիրուսային և վնասակար ծրագրերի դեմ պայքարի (anti-malware) համակարգչային ծրագրերի կիրառում: Կարևոր է նաև այցելուների տվյալների անվտանգ պահպանման, փոխանցման և հեռացման մասով քաղաքականությունների և ընթացակարգերի առկայությունը:
2. Տեղեկացված համաձայնություն. կենսական նշանակություն ունի մանրամասն, հստակ կազմված համաձայնության ձևը: Վերջինս պետք է տեղեկացնի այցելուներին հնարավոր ռիսկերի մասին և բացատրի, թե ինչպես են դրանք կառավարվում: Օրինակ, այցելուները պետք է տեղեկացվեն ներդրված տեխնիկական միջոցների մասին, ինչպես նաև այցելուների սեփական միջավայրում ռիսկերի նվազեցման ուղղությամբ իրենց կողմից հնարավոր քայլերի մասին, ինչպիսին է՝ առանձնացված տարածք գտնելը, որտեղ այցելուի խոսակցությունն այլ անձինք չեն լսի:
Առցանց թերապիայի ապագան
Առցանց առողջապահության աճին զուգընթաց, կարևոր է հասցեագրել վերը նշված մտահոգությունները՝ առցանց թերապիայի ծառայությունների շարունակական արդյունավետությունը և անվտանգությունն ապահովելու համար: Համավարակն արագացրել է հեռավար առողջապահության ընդունումը՝ ցույց տալով դրա կենսունակությունը և ընդգծելով դրա ներուժը՝ հոգեկան առողջության խնամքի հասանելիությունը բարելավելու մասով:
Առկա ապացույցները հիմնավորում են առցանց թերապիայի արդյունավետությունը, սակայն հոգեկան առողջության պահպանման վիրտուալ ծառայությունների կատարելագործման և բարելավման համար անհրաժեշտ են շարունակական հետազոտություններ և հարմարվողականություն: Գաղտնիության և անվտանգության հետ կապված մտահոգությունների հասցեագրման, խնամքի հասանելիության բարելավման և ծառայություն մատուցողների համար արդար վարձատրման ապահովման միջոցով առցանց թերապիան կարող է դառնալ հոգեկան առողջության խնամքի համակարգի անբաժան մաս:
Ամփոփելով նշենք, որ COVID-19 համավարակի ընթացքում առցանց թերապիայի արագ ընդունումը ցույց է տվել, որ այն կարող է արժեքավոր գործիք լինել հոգեկան առողջության խնամքի տրամադրման համար: Մարտահրավերների մանրակրկիտ դիտարկման և շարունակական բարելավման հանձնառության միջոցով, առցանց թերապիան կարող է շարունակել բավարարել հոգեկան առողջության պահպանման ծառայությունների աճող պահանջարկը և բուժառուների համար ապահովել արդյունավետ խնամք: Առցանց թերապիայի ապագան խոստումնալից է թվում և այն լինելու է մնայուն: